Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն ավագանու նիստում այսօր հետաքրքրվեց, թե տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափը սահմանելիս աղբահանության վճարն ինչպե՞ս են հաշվարկել և ուսումնասիրե՞լ են արդյոք այլ քաղաքների փորձը։


«Բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների վերաբերյալ դրույքաչափը կսահմանվի 13 դրամ։ Պարոն Ավինյան, կարծում եմ, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ։


Եթե հիմա որպես օրինակ հաշվեմ 30 քմ-անոց բնակարանը և բազմապատկեմ 13-ով․ կրկնակի թանկացում է, որտեղ 1 հոգի է գրանցված։ Նպատակը եղել է բյուջե լցնե՞լը, թե՞ այլ վարչական խնդիր լուծելը»,-ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, թե իր տեղեկություններով, այլ քաղաքներում էլ աղբի համար գումարը գանձվում է ըստ աղբ առաջացնող սուբյեկտների՝ բնակիչների, ոչ թե քմ-ի։


Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժ/պ Դավիթ Հակոբյանն արձագանքեց, թե հենց այս պահին գործող դրույքաչափերով էլ հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։