Եվս մեկ պատգամավոր է դուրս եկել ՔՊ խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու և խմբակցությունից դուրս գալու մասին։ Այս մասին նա ասել է Factor TV-ի եթերում։ 


Պատգամավորը նշել է, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՔՊ խմբակցությանը՝ որոշումը պատճառաբանելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրավիճակը։


Ըստ նրա՝ այդ մեկ ամիսը անհրաժեշտ է, որ քննվի Աղազարյանի հետ կապված միջադեպը, իսկ խմբակցությունից դուրս գալու, մանդատը վայր դնելու վերաբերյալ որոշում ավելի ուշ կկայացնի։ 


Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հրաժարվեց մանդատից։ Աղազարյանը հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի։ ՔՊ–ն դեկտեմբերի 3-ին նրան հեռացրեց կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող Աղազարյանի հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել էին վարչապետի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ ՔՊ-ում Աղազարյանին գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար են մեղադրում։ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Պատգամավորի փաստաբանն էլ իր խնդրանքով դիմել է դատախազություն, որպեսզի իրավական գործընթաց սկսեն՝ հասկանալու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից իր անձնական տվյալները հայտնվել այլ անձանց մոտ։