Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու` էլեկտրոնային համակարգ. ԱԺ հաստատեց
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ:
Հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն: Այդ պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել, փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով:
Ակնկալվում է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաև վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման և դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու և դրանց պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ կերպով:
Նախատեսվում է նաև էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով` կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն:
Դեկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով, ինչը հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիություն հայցող անձանց ու վարչական մարմնի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք է նախատեսվում: