ԱԳՆ-ն դիվանագետների հավելավճարը կբարձրացնի մի քանի տոկոսով

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը։


«Տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին ճակատի»,- նշել է Սաֆարյանը։


ԱԳ փոխնախարարի խոսքով՝  միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը հավուր պատշաճի ներկայացնելու և լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց ավելի լավ աշխատելու և կարիերայի առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաև ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար՝ բարելավելով դիվանագետների ծառայության վարձրատրության պայմանները և բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը:


«Ներկայում սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում՝ ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից։Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է 1 տոկոսով։ Դիվանագիտական աստիճանները դիվանգետներին շնորհվում են արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա և հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը»,- ասաց Սաֆարյանը։


ԱԳ փոխնախարարը նաև նշեց, որ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը, իսկ 7-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է բացառություն մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ և դատավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության,ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ և այլն։


«Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայում օրենքում վերը նշված բացառության մաս չեն կազմում։ Ներկայացված նախագծով առաջրկվում է բացառությունների մեջ ներառել նաև դիվանագիտական ծառայությունը և դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս»,- եզրափակեց Սաֆարյանը։