Թրամփը՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին, ՌԴ-ին վերաբերող, պայման է առաջադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ։ Պաշտոնական պատճառն այն է, որ եվրոպական որոշ երկրներ չեն կատարի նրա գլխավոր պահանջները, գրում է The New York Times-ը:


Նախագահ Թրամփը պայմաններ է առաջադրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար՝ ասելով, որ դա կանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները նույնն անեն, ինչպես նաև դադարեցնեն ռուսական նավթի գնումները: Թրամփը իր Truth Social սոցցանցում նաև կոչ է արել երկրներին հավաքականորեն 50-100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների համար: Առանց դրա, ըստ նրա, ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ի «ժամանակն են վատնում»:


Մինչդեռ պարբերականը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երկու երկիր՝ Հունգարիան և Թուրքիան, լավ հարաբերությունների մեջ են Մոսկվայի հետ և շարունակում են էներգառեսուրսների գնումները Ռուսաստանից: Քիչ հավանական է, որ մոտ ժամանակներս այդ երկրները ինչ-որ փոփոխություններ կունենան այդ հարցի վերաբերյալ։ Թրամփը բազմիցս սպառնացել է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, սակայն իրեն թույլ է տվել հրաժարվել դրանից:


Նրա որոշման վրա չի ազդել նաև այն փաստը, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի պաշտպանությունը փորձարկում է նոր միջոցներով։ Չորեքշաբթի վաղ առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքերը խոցվել են լեհական և ՆԱՏՕ-ի զորքերի կողմից այն բանից հետո, երբ նրանք խորը ներթափանցել են Լեհաստանի օդային տարածք, ինչը տագնապ է առաջացրել եվրոպական առաջնորդների շրջանում: Այնուամենայնիվ, Թրամփը ՆԱՏՕ-ն պատկերել է որպես կազմակերպություն, որը բավարար չափով չի անում Ռուսաստանի գործողություններին հակազդելու համար: Ընդ որում, տասն օր առաջ Պենտագոնը հաստատել էր, որ ծրագրում է դադարեցնել ՆԱՏՕ-ի զորքերին ուսուցանելու եւ օգնություն ցուցաբերելու ծրագիրը Բալթյան երկրներում՝ հենց Ռուսաստանի հետ սահմանին:

Քաղաքականություն