Հայաստանը որպես պետություն չի պահպանվի, եթե չլինի Ռուսաստանը. Տոլստոյ
ՌԴ Պետդումայի փոխխոսնակը վստահ է`«Եվրոպական երազանքի» ազդեցության տակ Հայաստանում կարծում են, որ կարող են դառնալ «Մոնտե Կառլո», սակայն դա հնարավոր չէ:
Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է` Հայաստանի ապագան, նրա անկախությունը, նրա երիտասարդության ճակատագիրը շատ ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ։
«Հայաստանում երիտասարդները հետևում են, թե իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում ինչպես են զարգանում և, փաստորեն, կանգնած են ընտրության առաջ։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակում, իհարկե, գայթակղություն է առաջանում, ես շատ լավ հասկանում եմ նրանց, ովքեր կարծում են, որ իրենք հիմա հնարավորություն ունեն միանալու արևմտյան ճամբարին, ինչպես ասում են՝ ժամանակին հայտնվելու «ճիշտ կողմում»։ Բայց դա գլոբալ առումով սխալ ընտրություն է», - ասել է Պյոտր Տոլստոյը:
Նա նաև նշել է, որ պատմականորեն Ռուսաստանը երբեք կոշտ կանոններ և դոգմաներ չի պարտադրել իր կազմի մեջ մտնող կամ իր հետ դաշնակցող ժողովուրդներին: Խոսքը միշտ եղել է համատեղ գործերի, ընդհանուր անվտանգության մասին, և պատմության մեջ եղել են պահեր, երբ Ռուսաստանը օգնության է հասել ու, փաստորեն, փրկել Հայաստանը:
«Ինձ թվում է, որ մեր ընդհանուր պատմությունը նույնպես պետք է ազդի այն ընտրության վրա, որն այսօր կատարում է երիտասարդ սերունդը, այն ընտրության վրա, որը սկզբունքորեն կկատարի Հայաստանը: Հասկանալի է, որ «Եվրոպական երազանքի» ճնշման ներքո շատ ես ուզում հայտնվել Եվրոպայում։ Կամ իսկապես ուզում ես դառնալ Մոնտե Կառլո: Ցավոք, ընկերներ, նման բան չի լինի», - կարծիք է հայտնել ռուս խորհրդարանականը։
Sputnik-ին տված հարցազրույցում նա նշել է, որ համաժողովում Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության հնարավորություն կա՝ շրջանցելով անորոշության մեջ գտնվող իշխանական կառույցներին։ Հիմնարար առումով մեզ կապում են ընդհանուր պատմությունը, մարդկային բարեկամությունը, փոխըմբռնումը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը, ընդգծել է քաղաքական գործիչը։
Տոլստոյը նշել է, որ ընտրվել է թիվ 199 ընտրատարածքից (Լյուբլինյան, Մոսկվա), որտեղ շատ մեծ է հայ համայնքը, այնպես որ կարելի է ասել, որ Հայաստանի հետ ինքը շատ սերտ կապեր ունի: Այդ թվում՝ նա ներկայացնում է մոտ 100 հազար հայ ընտրողների, որոնք ապրում և աշխատում են Մոսկվայում։ Նա վստահություն է հայտնել, որ պատմական ընդհանուր անցյալը, միասին ապրած մարդկանց սերունդները բարեկամություն են ստեղծել ու շարունակում են դա և թույլ չեն տա Հայաստանի երիտասարդության մոտ ձևավորել Ռուսաստանի մասին Արևմուտքի պարտադրած պատկերացումները:
«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է խաղալ այն կանոններով, որոնք իրենց թելադրում է Արևմուտքը։ Բայց Ռուսաստանը կհաղթի Արևմուտքի հետ գլոբալ դիմակայությունը, ուստի, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ այն ընտրությունը, որը նրանք կկատարեն, կլինի հօգուտ մեր դարավոր բարեկամության։ Եվ ուզում եմ ասել, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի պահպանվի որպես պետություն», - եզրափակել է Պետդումայի պատգամավորը։
Իր հերթին, «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող, «Ռուսաստան-Հայաստան» համաժողովի տնօրեն Մհեր Ավետիսյանը նշել է, որ հետխորհրդային ոչ բոլոր հանրապետություններին է հաջողվել պատվով հանձնել ինքնիշխան պետություն կոչվելու իրավունքի քննությունը. նրանցից ոմանք ընդամենը դարձել են հնազանդ գործիք՝ Արևմուտքի ձեռքում: