Որ ուսանողները չպետք է վճարեն` ըստ Փաշինյանի
Կառավարությունից հայտնում են, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:
Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը նախագծվել է որպես Ակադեմիական քաղաք, որովհետև հիմնական ինստիտուցիոնալ կառույցները, որոնք Թամանյանը նախագծել և տեղադրել է Երևան քաղաքի կենտրոնում, եղել են կրթական հաստատություններ: Այս համատեքստում, վարչապետը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման կարևորության մասին, նշել, որ նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:
«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- նշել է Փաշինյանը:
«Նաև չմոռանանք սոցիալական բաղադրիչը՝ մենք այսպիսի սկզբունք ունենք, որ որոշակի ՄՕԳ և ավել ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն»,- հավելել է նա:
Երկրի ղեկավարի խոսքով, «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, նշել, որ «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը նաև արդեն գործող ուսուցիչների համար է, ովքեր պետք է կրթական տեխնոլոգիաներին անընդհատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Վարչապետն ընդգծել է նաև կրթական հետազոտությունների և տվյալների հավաքագրման կարևորությունը, ինչը կրթական պրոցեսի անբաժան և կարևոր բաղադրիչն է:
Ամփոփելով իր խոսքը՝ Փաշինյանը անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվող արվեստի, ժամանցային, սպորտային կենտրոններին:
Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերն իր հերթին ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը: