Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին լուրը ևս հաստատվեց։
«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։ Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։ Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։
Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։
Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։
Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։ Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։
Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- գրել է Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հայտնել է իր հրաժարականի մասին։
Ըստ մամուլի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել․ աշխատանքից ազատել է նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։