Իմ վարչապետ ընտրվելու օրվանից այդպիսի եզակի դեպք չի եղել. Փաշինյան
Իմ զգացողությամբ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան, որն այլևս դառնում է քաղաքական խնդիր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում իր խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այնտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Այս համատեքստում խոսելով դատական և դատաիրավական համակարգի անկախ լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այստեղ ոչ մեկ չի կասկածում: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ Կառավարությունն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատաիրավական համակարգ: Այսօր բացառված է, չի կարող լինել մի եզակի դեպք, որ որևէ մեկն ասի, որ Կառավարության քաղաքական դժկամության կամ քաղաքական հակազդեցության պատճառով որևէ գործ առաջ չի գնում, որովհետև Կառավարությունը թույլ չի տալիս, որովհետև Կառավարությունը խոչընդոտ է հանդիսանում: Այդպիսի բան չի կարող ընդհանրապես լինել: Եվ ես երաշխավորում եմ, որ իմ վարչապետ ընտրվելու օրվանից այդպիսի որևէ եզակի դեպք չի արձանագրվել ու չի արձանագրվելու»:
Վարչապետը հավելել է, որ դրանով հանդերձ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա այն կետն է, որ կապված չէ դատաիրավական համակարգի անկախ լինելու հետ, և կապված է քաղաքական իշխանության հետ, քանի որ ըստ էության, երկրում արդարության, օրինականության, արդարադատության թիվ մեկ պատասխանատուն Կառավարությունն է: «Եվ սա է պատճառը, որ ես ինքս ստիպված եմ ավելի հրապարակային և ավելի մանրամասն այս թեմաներիմասին խոսել, արտահայտվել: Եվ մենք պետք է գտնենք լուծումներ, թե որտեղ է պրոբլեմը»,- նշել է վարչապետը: