ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է կատարվել գիշերն Իրանում. որ օբեկտներն են թիրախավորվել

11:22

Իսրայելի բանակը հայտարարություն է արել Իրանի վրա գիշերային հարվածների վերաբերյալ: Հարվածներ են հասցվել թիրախներին Իրանի տարբեր հատվածներում, հարվածների թիրախը եղել են հրթիռներ արտադրող օբյեկտները, իրանական երկիր-օդ հրթիռային համալիրները և իրանական «օդային հնարավորությունները», և եթե Իրանը որոշի պատասխանել Իսրայելի հարձակմանը, ապա հրեական պետությունը ստիպված կլինի արձագանքել:



10:38

Մենք հաջողությամբ չեզոքացրել ենք սպառնալիքների մեծ մասը։ Իրանի ՀՕՊ շտաբն է հայտարարել:

Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության՝ հանցավոր և անօրինական սիոնիստական ռեժիմին ուղղված նախորդ նախազգուշացումներին՝ զերծ մնալ ցանկացած արկածախնդրությունից, այս կեղծ ռեժիմն այսօր առավոտյան հարձակվել է Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների վրա: Երկրի հակաօդային պաշտպանության համակարգն այս գործողությանը հաջող դիմակայեց:

Սահմանափակ վնաս է հասցվել որոշ վայրերի, այդ միջադեպի մասշտաբները քննարկման փուլում են։


09:30

Իրանը վերսկսում է ավիաչվերթների աշխատանքը՝ Իսրայելի հարձակման պատճառով երկրի օդային տարածքի փակվելուց հետո: Այս մասին հայտնել Է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը:

«Թռիչքները նորմալ ռեժիմի կվերադառնան այս շաբաթ օրը», - ներկայացուցչի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:



07:07


Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանում օբյեկտների վրա հարձակման ավարտի մասին: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ գործողության ընթացքում իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել հրթիռներ արտադրող ձեռնարկություններին:

ՑԱԽԱԼ-ում նշել են, որ Իսրայելն իրեն պաշտպանության իրավունք է վերապահում Իրանի նոր հարձակումների դեպքում:


06:47


Իսրայելական ուժերը երեք անգամ հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետ-պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ հարվածների երեք ալիք է եղել։ Առաջին ալիքն ուղղված էր իրանական հակահրթիռային պաշտպանության համակարգին։ Երկրորդ և երրորդ ալիքները թիրախավորել են այն բազաները, որտեղ տեղակայված են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև դրանք արտադրող ձեռնարկությունները», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, Իրանը հայտարարել է բոլոր չվերթների չեղարկման մասին մինչև հետագա ծանուցումը, հայտնում է IRNA գործակալությունը:

Իսրայելի բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան «ամիսներ շարունակ շարունակվող հարձակումների»: Թե The Jerusalem Post թերթի տվյալներով՝ Իսրայելում հետևում են Իրանի, Իրաքի, Եմենի, Սիրիայի և Լիբանանի կողմից հնարավոր պատասխան հարվածներին:


05:51

Պայթյունների ձայները կրկին հնչել են Իրանի մայրաքաղաք Թեհրանում, աշխատում է ՀՕՊ համակարգը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Նշվում է նաև, որ պայթյունների ձայները, որոնք ավելի վաղ լսվել էին Թեհրանի մերձակայքում, կապված են մայրաքաղաքից դուրս գտնվող երեք կետերում ՀՕՊ համակարգերի աշխատանքի հետ: Հայտնի է դարձել նաև, որ Իսրայելը պատրաստվում էր հարվածել Իրանին վերջին օրերին, սակայն հարձակումը հետաձգվում էր եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ Տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել պատասխան հարձակմանը։


«Հոկտեմբերի 25-ի երեկոյան պայմանները հասունացել են, և հարձակման գործողությունը սկսվել է։ Քաղաքականության եւ անվտանգության հարցերով նախարարների կաբինետը հավանություն է տվել հարձակմանը հեռախոսով», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Sky News Arabia-ն, Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածել է Իրանում բալիստիկ հրթիռների արձակման բազային: Ինչպես հեռուստաալիքին հայտնել Է աղբյուրը, Իսրայելն իր հարվածները կենտրոնացնում է հրթիռների արտադրության օբյեկտների, անօդաչու թռչող սարքերի, հրթիռների արձակման հարթակների և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա:


Իսրայելական 12-րդ ալիքի տվյալներով՝ երկրի պաշտպանության բանակը հարձակվել Է Իրանում տասնյակ ռազմավարական ռազմական օբյեկտների վրա, այդ թվում՝ հրթիռների և ԱԹՍ-ների արտադրության գործարանների, ինչպես նաև հրթիռների արձակման բազաների վրա:



04:54


Իսրայելի պաշտպանության բանակը երկրորդ հարվածն է հասցրել Իրանին, որի թիրախն է դարձել Շիրազ քաղաքը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:


Հաղորդվում է նաև, որ պայթյունները որոտացել են Թեհրանի արևմտյան արվարձան Քերեջում: Պարբերականի տվյալներով՝ Իրանի վրա հարձակման ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրառել են ամերիկյան նորագույն F-35 կործանիչներ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ ներգրավված է եղել 100 մարտական ինքնաթիռ: Նշվում է նաև, որ իրանական ՀՕՊ համակարգերը «կուրացնելու» համար իսրայելական բանակը Սիրիայում ռադարների ուղղությամբ կանխարգելիչ հարվածներ է հասցրել, որոնք արագորեն վերաճել են Թեհրանի և Քերեջի ուղղությամբ հարձակումների:


Իսրայելը հարձակվել է Իրանի տարածքում «կենսական կարևոր ռազմական և ուժային օբյեկտների» վրա, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Թե կոնկրետ ինչ օբյեկտների մասին է խոսքը, չի հստակեցվում։


Բացի այդ, «Ազատ Իրան» տելեգրամյան ալիքը հրապարակել է Թեհրանում ԻՀՊԿ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունների տեսագրությունները:



04:29


Իսրայելը հարվածներ չի հասցրել Իրանի նավթային օբյեկտներին, ինչպես նաև Թեհրանի Իմամ Խոմեյնիի և Մեհրաբադի անվան օդանավակայաններին: Այս մասին հայտնել Է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ Իսրայելը փորձել է հարձակվել երեք ռազմաբազաների վրա Թեհրան նահանգում, հարձակումներին հակազդել է իրանական ՀՕՊ-ը:


Ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը՝ քաղաքի մոտակայքում պայթյունների մասին հաղորդագրությունների ֆոնին, Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը և Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանն աշխատում են ժամանակացույցով: Flightradar-ի տվյալներով՝ Իրանի վրայով քաղաքացիական ավիաչվերթները շարունակվում են ՝ չնայած Իսրայելի հարվածներին երկրի տարածքին:


Պայթյունների ճշգրիտ պատճառները չեն նշվում, Սակայն Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ դրանք կարող էին պայմանավորված լինել ՀՕՊ ուժերի աշխատանքով: Թեհրանում և նրա շրջակայքում փրկարարների օգնությունը պահանջող որևէ միջադեպի հետ կապված հարցումներ չեն ստացվել:


Իսրայելի բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան «ամիսներ շարունակ շարունակվող հարձակումների»: Ինչպես հայտնել Է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, իսրայելական ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել նաև Սիրիայի հարավային և կենտրոնական հատվածներում գտնվող ռազմական օբյեկտներին:



04:01


Իսրայելը հարվածներ է հասցրել միայն Իրանի ռազմական թիրախներին, ոչ թե միջուկային օբյեկտներին կամ նավթային ենթակառուցվածքներին։ Այս պնդմամբ ուրբաթ հանդես է եկել ամերիկյան CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական նպատակներով»: Աղբյուրը մանրամասնում է, որ «ԱՄՆ-ին նախազգուշացրել են հարվածների մասին»: Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով արաբական երկրների երկու բարձրաստիճան աղբյուրներին, Թեհրանում իսրայելական հարվածների թիրախ կարող էին լինել զորանոցն ու զենքի պահեստը:


03: 48


Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Ի պատասխան Իսրայել պետության դեմ իրանական ռեժիմի ամիսներ շարունակ շարունակական հարձակումների՝ Իսրայելի Պաշտպանության բանակը ճշգրիտ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին», - ասվում է հաղորդագրության մեջ:




Քաղաքականություն