«Ոնց որ մեկը գլխին կանգնած ասեր՝ ինչ խոսի». Արցախում մահացած կնոջ թոռ
Վերջին անգամ 6 ամիս առաջ ենք խոսել տատիկիս հետ եւ այդ ժամանակ ասաց՝ ես գալու եմ, սպասեք, գալու եմ, մի մտածեք իմ մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի թոռնուհին:
«Ես հարցի՝ էդտեղ որտե՞ղ եք ապրում, ասաց՝ մի հատ սենյակ է, այդ սենյակում ենք: Ինչքան մարդ մնացել է Ստեփանակերտում, միասին ենք, մեզ հաց են տալիս: Բայց երբ ուրիշ հարցեր էինք տալիս, հարցնում էինք՝ ձեզ էդտեղ ոնց են վերաբերվում, անջատում էր իրենց Կարմիր խաչը, չէր թողնում, որ տատիկն այդ հարցերին պատասխանի: Հետո զանգում էին ասում էին՝ տատիկն ասում է՝ տենց հարցեր մի տվեք: Հարցնում էինք՝ էդտեղ թուրքեր շատ կա՞ն, իրենց հետ շփվո՞ւմ եք, չէին թողնում, որ այդ հարցերին պատասխանի: Անջատում էին, հետո նորից զանգում էին, տատիկն ասում էր՝ տենց հարցեր մի տուր, միայն հարցրու՝ ոնց ես, էդտեղ ոնց եք»,-ասաց թողնուհին հավելելով, որ զանգահարել են տեսակապով՝ WatsApp-ով:
Թոռնուհին նշում է, որ նկատել են, որ տատի դեմքին տխրություն կար. «Տպավորություն էր, որ մեկը կանգնած է իր գլխավերեւում եւ ասում է՝ ինչ պետք է ասի, վախեցնում էին: Ինքը մեզ հետ խոսելիս ուրիշ տեղ էր նայում, հետո իմ հարցերին պատասխանում»,-ասաց նա՝ նշելով, որ լրատվամիջոցներից է իմացել, որ մահացել է:
Թոռնուհին ասաց, որ տատը միայն ճնշման խնդիր է ունեցել. «Ինքն աշխատասեր կին էր, երբեք չէր բողոքում, որ հոգնել է: Խնդիր չուներ, առողջությունից չի բողոքել: Այնպես չէ, որ մենք իր հետ վատ ենք եղել եւ ինքը մեզ չի ասել իր խնդիրների մասին: Մենք շատ մոտ ենք եղել ընտանիքներով, ես տատիկիս շատ եմ սիրում, ինքն էլ՝ մեզ: Ես մտածում եմ՝ նենց բաներ են արել, որ սիրտը կանգնի: Ես չեմ հավատում, որ թոքերի խնդիր է ունեցել: Եթե ինքը հիվանդ էր, ինչու մեզ այդ մասին չէին ասում: Ես իրենց ասել եմ, որ տատիկս հոգեկան խնդիրներ ունի, ինքը չի կարող որոշել՝ այստեղ մնա, թե այնտեղ մնա, ուղարկեք իրեն, թող գա Հայաստան: Իրենք ասել են՝ ոչ, պետք է ինքը ցանկանա գալ»,-ասաց թոռնուհին:
Ավելի վաղ հայտնել էինք Ստեփանակերտում մնացած հայուհի Վերա Աղասյանի մահվան մասին: 70-ամյա կնոջ մահվան պատճառ է ճանաչվել սիրտ-թոքային սուր անբավարարությունը, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով:
Այժմ հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։