Ծեծի ենթարկված եղբայրներից մեկը հիվանդանոցում մահացել է․ նա 44-օրյայի մասնակից էր

Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանն այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Oragir.News-ին հայտնել է Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի էին ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել էին հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։


Ծեծի ենթարկված տղաների հայրը լրատվամիջոցին պատմել էր, որ տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում, բեռներ են տեղափոխում։ Դեպքը եղել է հենց աշխատանքի ժամանակ։


Սիրակ Նավասարդյանի խոսքով՝ որդին, որ 2 երեխաների հայր է, 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է։