Ոստիկաններն այնքան զենք-զինամթերք են հայտնաբերել, որ կարելի է զինել մի ամբողջ դասակ
Սեպտեմբերի 15-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և Արցախից իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 սպիտակ պարկեր, 1 փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն է կատարվել նշված վայրում, որտեղ հայտնաբերվել է՝ 1 հատ 5.45 մմ տ/չ և 7.62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգներ, 5.45մմ տ/չ ինքնաձիգ, 5.6 մմ. տ/չ ջնջված համարով «Շմայիս» տեսակի ինքնաշեն գնդացիր, «ՏՈԶ-Բ» տիպի 16մմ տ/չ, «ԻԺ-5» տիպի 16մմ տ/չ, «ԻԺ-5» տիպի 16մմ տ/չ և կարճեցված փողով, 12մմ տ/չ և կարճեցված երկփողանի, 16մմ տ/չ կարճեցված մեկփողանի և «ՏՈԶ-Բ» տիպի 16մմ տ/չ կարճեցված փողով հրացաններ, երկփողանի հրացանի ագուցարան, «Մակարով» տիպի 5.45 մմ տ/չ՝ օդաճնշիչ, «Մակարով» տիպի 9 մմ տ/չ, «Ատմագա» տիպի գազային և 5.6մմ տ/չ թմբուկավոր ատրճանակներ, սվին դանակ իր պատյանով, 3 հատ «Ֆ-1», 2 հատ «ՌԳ-42», «Մ-75», 2 հատ «ՈԲ-25» տիպի նռնակներ, ծխանռնակ, 12 հատ նռնակի պայթուցիչներ, 6 հատ խոշոր տ/չ, 3 հատ լուսարձակային, 25 հատ «YPMD-6» տիպի ուսումնաիմիտացիոն, 2 հատ 5.6մմ տ/չ «ՏՈԶ» տիպի, 5 հատ 5.6մմ տ/չ շինարարական, 8 հատ 24մմ տ/չ որսորդական, 261 հատ 7.62մմ տ/չ ինքնաձիգի, 330 հատ 5.45մմ տ/չ ինքնաձիգի և 92 հատ 7.62մմ տ/չ գնդացրի փամփուշտներ, 100մմ տ/չ հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանի դետալներ, 12 հատ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփեր, 7 հատ պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն, ատրճանակի պատյան, ծխաական, 3 հատ հակագազ, 3 հատ հակագազի բալոններ և 2 հատ կտորե պայուսակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։