Լոգարանում հայտնաբերվել է գործարարի դի, կողքին՝ Արցախի նախագահից պարգևատրված ատրճանակ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հաղորդում է shamshyan.com-ը։


Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։


Ժամանել են Էջմիածնի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված տան լոգարանում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել են նրա մահը։


Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։


Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։


Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել՝ կրակելով իր վրա։


Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է:


Կայքի տեղեկություններով՝ վերջինս գործարար է եղել, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկը։