Խոսքը միջուկային անվտանգության ռիսկերի մասին է․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին կարծում է, որ Կուրսկի եւ Զապորոժիեի ԱԷԿ-ում տարբեր իրավիճակներ են ստեղծվել, սակայն երկու դեպքում էլ խոսքը միջուկային անվտանգության ռիսկերի մասին է:
«Կարծում եմ՝ մենք պետք է հստակ արձանագրենք, որ Զապորոժյեն և Կուրսկը տարբեր դեպքեր են։ Ընդհանուր հայտարար-միջուկային եւ ֆիզիկական անվտանգությունը կարող են վտանգվել», - հայտարարել է նա Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի բացման կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսում:
Գրոսիի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի դեպքում խոսքը ռազմական գործողությունների գոտու մոտակայքում գտնվող կայանի մասին է, որը գնդակոծվել է: Նա հիշեցրել է, որ ԶԱԷԿ-ի հովացման աշտարակներից մեկն այրվել է, կայարանում նույնպես հոսանքազրկումներ են եղել։
«Կուրսկի ԱԷԿ-ի հետ կապված իրավիճակն այլ է։ Այս կայանը աշխատում է նորմալ ռեժիմով Ռուսաստանի Դաշնության տարածքում: Նրա կողքին՝ մոտ 30 կմ հեռավորության վրա, մարտական գործողություններ են ընթանում։ Կուրսկի ԱԷԿ կատարած այցի ընթացքում ինձ ցույց են տվել նաև արկերի ենթադրյալ հետքեր»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ ԶԱԷԿ-ի դեպքում խոսքը գործակալության ակտիվ ներկայության և աջակցության մասին է, Կուրսկի ԱԷԿ-ի դեպքում գործակալությունը հետևում է իրավիճակին, «որը, ինչպես թվում է, մի փոքր դուրս է եկել վերահսկողությունից»: