Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը։


Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքի դրվագներից մեկը՝ խոշոր չափերով կաշառք ստանալը (երկու դրվագ) վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով՝ խարդախությամբ։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներով։ Պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում։ Լրացուցիչ դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։


Նույն գործով ներգրավված այլ անձինք, այդ թվում` ԱԻ նախարարության պաշտոնյաներ Վիգեն Գրիգորյանը, Արտակ Բեյբությանը, Վիգեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը և Հրաչյա Երեմյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում։


Արա Յաղջյանն արդարացվել է, Աշոտ Հակոբյանը հոդվածներից մեկով արդարացվել է, մի մասով՝ դատարանը մեղադրանքը վերաորակել է։ Նա մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։


Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների մեջ: