Իրանական նավը Քուվեյթում խորտակվել է․ կան զոհեր
Իրանական «Արա Բահար-1» բեռնատար նավը, որի անձնակազմը բաղկացած էր վեց անդամից, աղետի է ենթարկվել սեպտեմբերի 1-ին` խորտակվելով Քուվեյթի տարածքային ջրերում։ Mehr գործակալությունը հաղորդում է, որ անձնակազմի երեք անդամների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Խորտակված նավի անձնակազմի վեց անդամների թվում եղել են Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներ: Երեք հոգու մարմինները գտել են, ևս երեքի մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են», - հայտնել է Իրանի ծովային տրանսպորտի և նավահանգիստների կազմակերպության անվտանգության ու առափնյա պահպանության վարչության ղեկավար Նասեր Փասանդեն։
Իրան-քուվեյթական համատեղ որոնողափրկարարական գործողությունն սկսվել է սեպտեմբերի 1-ի կեսօրին` միջադեպի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, նշել է Փասանդեն։ Երեք նավաստիների՝ Հնդկաստանի քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված՝ խորհրդակցություններ են անցկացվել արտաքին գործերի նախարարության հետ։