Կուրսկի շրջանում լարվածությունը պահպանվում է

Ռուսաստանի Կուրսկի մարզում այսօր արդեն հինգ անգամ հրթիռային հարվածի վտանգի ազդանշան է հայտարարվել։ Տարածաշրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ուկրաինական հրթիռ են խոցել Կուրսկի երկնքում:


ՌԴ պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ռուսական ուժերը Սուջայի հարավային ծայրամասում հարվածել են ուկրաինական կենդանի ուժին, իսկ Սումիի շրջանի տարածքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի պահուստները։


Նշվում է, որ ՌԴ ԶՈՒ-ն Իվաշկովսկու, Մալայա Լոկնյայի Օլգովկայի շրջաններում կանխել է Ուկրաինայի զինված ուժերի՝ դեպի Ռուսական տարածքի խորքերը ճեղքելու փորձերը։


Կուրսկի ուղղությամբ հարձակման ամբողջ ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ մարդկային կորուստները 1 100-ից ավելի են, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


«Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողության ընթացքում հակառակորդը կորցրել է մինչև 1120 զինծառայող, ինչպես նաև 140 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 22 տանկ, 20 զրահափոխադրիչ, հետևակի 8 մարտական ​​մեքենա, 88 զրահապատ մարտական ​​մեքենա, 13 ավտոմեքենա, 2 «Бук М1» ինքնագնաց զենիթահրթիռային կայան, БМ-21 «Գրադ» համակարգ, դաշտային հրետանային 6 զինատեսակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։


Կուրսկի շրջանի Խոմուտովսկի և Գլուշկովսկի շրջաններում իրականացվում է բնակիչների կազմակերպված կամավոր մեկնում։


«Չնայած այն հանգամանքին, որ մեր տարածքում իրավիճակը հանգիստ է և ռազմական գործողություններ չկան, անվտանգության նկատառումներից ելնելով շարունակվում է բնակիչների կազմակերպված հեռանալը՝ ինչպես ինքնուրույն անձնական տրանսպորտով, այնպես էլ կենտրոնացված՝ պատրաստված մեքենաներով»,- գրել է Խոմուտովսկի շրջանի ղեկավար Յուրի Խրուլևը։