Իրավապահները դիմակավորված մտել են «Նորատուսցի Ալիկի» տուն և խոշոր գումար առգրավել. ArmLur

Իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն և առգրավել նրա հորը պատկանող գումարները: Այս մասին հայտնում է ArmLur.am–ը։


Ըստ կայքի` տանը մեծ գումար է եղել, ինչը իրավապահներին խիստ կասկածելի է թվացել, ու այն առգրավել են:


Լրատվամիջոցը նշում է, որ իրավապահները քրեական հեղինակությանը հիշել են հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությունից ու սպանության փորձից հետո (սպանվել է Սևան համայնքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը, և կալանքի տակ են գտնվում «Նորատուսցի Ալիկի» եղբորորդին՝ Լևոն Բանդուրյանը, և ևս երկու անձ):


«Այս աղմկահարույց դեպքից հետո իրավապահները հիշեցին «Նորատուսցի Ալիկին» ու մտան նրան պատկանող ընկերություններ՝ խուզարկությունների, հիմա էլ մտել են նրա տուն»,– գրում է կայքը և հիշեցնում, թե նախաքննական մարմինը ինչ քրեական վարույթի շրջանակում է փնտրում Ալիկ Բանդուրյանին։


Այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը «Նորատուսցի Ալիկն» է։


Նրանցից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից), մյուս երկուսի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը):

Պատահարներ