Հրազդանի կիրճում ազգությամբ թուրք տղամարդը ծեծի է ենթարկել 13-ամյա տղային․ մանրամասներ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցնում 12-13 տարեկան տղայի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ 


Հաղորդվում է, որ երեխան ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս Թուրքիայի 13-ամյա քաղաքացի է, ով 44-ամյա հոր հետ հուլիսի 31-ին Թուրքիայից Վրաստանով մուտք են գործել ՀՀ և բնակություն հաստատել Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում:


Կայքի տեղեկություններով՝ անչափահաս երեխան բաժնում հայտնել է, որ հայրը սպորտային մարզումներ կատարելու ժամանակ դիտողություն է արել իրեն, որից հետո բռունցքով երկու անգամ հարվածել է դեմքին, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին, ինքը վայր է ընկել և կրկին անգամ հայրը ձեռերով ու ոտքերով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:


Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։


Տեղեկությունը ճշտելու և մանրամասներ իմանալու համար Auroranews-ը կապ հաստատաեց Քննչական կոմիտե:


«Նման դեպք եղել է, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,-ասացին կոմիտեից։



Պատահարներ