Իսրայել-Լիբանան սահմանին լարվածությունը աճում է

Իսրայել-Լիբանան սահմանին հնարավոր էսկալացիայի ֆոնին Անկարան կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին լքել Լիբանանի տարածքը և առանց խիստ անհրաժեշտության չմեկնել այդ երկիր:


Նման կոչերով են հանդես եկել նաև Հայաստանը, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը և այլ երկրներ:


Ավելի վաղ Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսային տարածքների ուղղությամբ: The Times of Israel-ի տվյալով՝ իսրայելական ՀՕՊ համակարգը ոչնչացրել է դրանց մեծ մասը: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան: ՑԱՀԱԼ-ը հայտնում է, որ Լիբանանից արձանագրված հարվածների հետևանքով զինվորականներ են տուժել:


Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվել է հուլիսի 30-ից, երբ Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին։ ՑԱՀԱԼ-ի հայտարարության համաձայն՝ թիրախում է եղել «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկը, որը պատասխանատու է Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման համար:


Ավելի ուշ հայտնի է դարձել Ֆուադ Շուքրի սպանության մասին, որը բարձրաստիճան հրամանատար էր և «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի «աջ ձեռքը»: Իսրայելը ոչնչացրել է նաև «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկին՝ Ալի Նազիհ Աբեդ Ալիին, որն ըստ ՑԱՀԱԼ-ի ներգրավված է եղել շարժման հարավային ճակատի գործունեությանը, ծրագրել և իրականացրել է տարբեր ահաբեկչական գործողություններ:


Շիա «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումները հարված են հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հրամանատարական կետին իսրայելալիբանանյան սահմանին։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։ Նշվում է, որ հարվածն իրականացվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով, որը հաջողությամբ հաղթահարել է հակաօդային պաշտպանության համակարգը։ ԱԹՍ-ի թիրախ է դարձել իսրայելական բանակի 91-րդ դիվիզիայի շտաբը, որը վերջերս տեղակայվել է Այելեթ հա Շահար բնակավայրի մոտ։Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու իսրայելցի զինծառայող։ Իսրայելի պաշտպանության բանակի 1 սպայի և 1 զինվորի վիրավորվելու մասին հայտնել է նաև իսրայելական կողմը։ Ըստ ԻՊԲ-ի հայտարարության՝ Լիբանանի կողմից բազմաթիվ օդային թիրախներ են արձակվել։