Ավանում երկու անձի մահվան ելքով վրաերթի գործով մեղադրանք է ներկայացվել բեռնատարի վարորդին

Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։


Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասի հատկանիշներով։



Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։


Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով։


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։


Նախաքննությունը շարունակվում է։


Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է։

Քաղաքականություն