Էլեկտրաէներգիայի արտադրությունը ԱՄՆ-ում մեկ շաբաթում գերազանցել է 100 մլն մեգավատտ-ժամը
Ամերիկյան էներգահամակարգը հաջողությամբ հաղթահարել է իր պատմության մեջ, թերևս, ամենալուրջ փորձությունը: Էլեկտրաէներգիայի շաբաթական արտադրությունն ԱՄՆ-ում առաջին անգամ անցել է 100 միլիոն մեգավատտ-ժամի սահմանը։
Այս պատմական ցուցանիշը գրանցվել է արտառոց շոգ եղանակի պատճառով, որն առաջացել էր ավելի քան 200 միլիոն բնակչություն ունեցող տարածքը պատած «ջերմային գմբեթի» հետևանքով, հաղորդում է Naked Science-ը։
Էդիսոնի էլեկտրական ինստիտուտի (EEI) տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 4-ն ընկած շաբաթվա ընթացքում ԱՄՆ էներգահամակարգի արտադրած էլեկտրաէներգիան կազմել է ռեկորդային՝ 100 միլիոն մեգավատտ-ժամ։ Համեմատության համար նշենք, որ յոթ օրում երկրի կոմունալ էներգետիկ ընկերությունները սպառողներին են տրամադրել էլեկտրաէներգիայի այնպիսի քանակություն, որը գրեթե երկու անգամ ավելի է, քան ամբողջ Նյու Յորքի տարեկան սպառումը։ Այսպիսով՝ գերազանցվել է 2022 թվականի հուլիսին գրանցված նախորդ ռեկորդը, որը կազմում էր 99,4 միլիոն մեգավատտ-ժամ։ Բացի այդ, շաբաթական արտադրության այս ծավալը մոտ 22%-ով գերազանցել է ԱՄՆ-ի համար սովորական միջին ցուցանիշը։
Պահանջարկի կտրուկ աճի հիմնական պատճառը եղանակային պայմաններն էին։ Ջերմային գմբեթն առաջանում է այն ժամանակ, երբ բարձր ճնշման հզոր տիրույթը կափարիչի նման պահում է տաք օդը կոնկրետ տարածաշրջանի վրա՝ թույլ չտալով դրա ցրվելը, ինչի հետևանքով ջերմաստիճանը երկար ժամանակ պահպանվում է անոմալ բարձր մակարդակում։
Այն ընթացքում, երբ ամերիկացիները նշում էին Անկախության օրը՝ հուլիսի 4-ը, հսկայական ջերմային գմբեթը տարածվել էր երկրի արևելյան ու կենտրոնական շրջաններում։ Բազմաթիվ վայրերում օդի ջերմաստիճանը գերազանցում էր 38°C-ը, իսկ զգացվող ջերմաստիճանը հասնում էր շուրջ 46°C-ի։ Միլիոնավոր օդորակիչներ աշխատում էին գրեթե անդադար՝ առաջացնելով էլեկտրացանցերի հսկայական ծանրաբեռնվածություն։