Ֆրանսիացի ոստիկաններին նոր «օրենքներ» են առաջադրել` Օլիմպիադայի համար

Ոստիկանները պետք է հյուրընկալ Ֆրանսիայի կերպար ստեղծեն առաջիկա օլիմպիադայում, այդ պատճառով նրանց կարգելեն օգտվել բջջային հեռախոսներից եւ մաստակ ծամել, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը:


Դարմանենը ոստիկանության համար ճեպազրույցի ժամանակ անհանգստացել է երկրի իմիջով, որը պատրաստվում է ընդունել պատվիրակություններ ամբողջ աշխարհից: Նրա խոսքով՝ ընդամենը մեկ-երկու ոստիկանի վրիպումը կարող է թերթերի սկանդալ առաջացնել։


Նախարարը ոստիկաններին նշել է, որ Օլիմպիադայի ժամանակ «ոչ մի ծամոն» չպետք է լինի։ Ոստիկանության աշխատակիցները պետք է ստեղծեն ամրության և անվտանգության պատկեր:


«..Չենք նայում բջջային հեռախոսներին, ողջունում ենք մարդկանց և ցանկացած պարագայում հանգստություն պահպանում»,- նշել է Դարմանենը:


Պաշտոնյան իր ենթականերին հանձնարարել է միշտ ժպտալ, լինել քաղաքավարի և հյուրընկալ: Նա հավելել է, որ իրավապահների համար հնարավորություն չի լինի «երկրորդ անգամ լավ առաջին տպավորություն թողնել»: Նախարարի խոսքը մեջբերում է 20minutes պորտալը։


Ամեն օր Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու են մոտ 35 հազար ոստիկաններ և ժանդարմներ, ինչպես նաև 18 հազար զինվոր:


Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Ֆրանսիայում կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Մայիսի վերջին Ֆրանսիայի ՆԳՆ-ն ահաբեկչություն էր կանխել, որը ծրագրել էր օլիմպիադայում Չեչնիայից 18-ամյա մի տղամարդ։ Նրան կասկածում են Սենտ Էտյենում ֆուտբոլային մրցումների ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։