Ուրարտուի ռուս խաղացողները վիզա չեն ստացել Էստոնիա մեկնելու համար. ՈՒԵՖԱ-ից արձագանքել են

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ավելի վաղ հայտնել էր, որ մի քանի ռուս ֆուտբոլիստներ Էստոնիայի վիզա չեն ստացել՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպմանը մեկնելու համար։


«Մենք ունենք վեց ռուս ֆուտբոլիստ, որոնցից երկուսը վնասվածքի պատճառով չկարողացան մասնակցել խաղին, չորսը վիզա չեն ստացել և չեն կարողացել մեկնել թիմի հետ»,- Գունկոյի խոսքերն է մեջբերում «Ուրարտուի» պաշտոնական կայքը։


«Ուրարտուի» կազմում հանդես են գալիս ռուսաստանցիներ Ալեքսանդր Մելիխովը, Ալեքսանդր Պուցկոն, Օլեգ Պոլյակովը, Անտոն Կիլինը, Լեոն Սաբուան և Իվան Իգնատիևը։


ՈՒԵՖԱ-ից արդեն արձագանքել են միջադեպին. «Այսպիսի հարցերում պատասխանատվություն են կրում համապատասխան մարմինները, նաև Էստոնիայի կառավարությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար ՈւԵՖԱ-ն խնդրում է անմիջապես կապ հաստատել ակումբի հետ»,- ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչից խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն:


Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 11-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է էստոնական «Կալևի» հետ և 2:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ: