ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանը դուրս է գալիս փլեյ-օֆֆ. երկրպագուներն ամբողջ գիշեր տոնել են
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլն ավարտվեց: F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթեց Պորտուգալիային: Առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան։
Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը․ նա խփեց իր 3-րդ գոլը մրցաշարում և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Թուրքիա-Չեխիա խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ Չեխերը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էին 10 հոգով՝ Բարակի կարմիր քարտ ստանալուց հետո։
4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը, Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Այս խմբից 1/8 եզրափակիչ անցան նաև առաջին տեղը զբաղեցրած Պորտուգալիան և երկրորդ տեղը զբաղեցրած Թուրքիան։
Չեխիայի հավաքականը մեկ միավոր վաստակեց և լքեց մրցաշարը։
Հավելենք, որ Թբիլիսիում երկրպագուներն ամբողջ գիշեր տոնել են հավաքականի՝ փլեյ-օֆֆ դուրս գալը: