Պատանի հայ հունահռոմեականները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընդգծելով, որ մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։


Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևի նկատմամբ։


Կիսաեզրափակչում Աճեմյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիի նկատմամբ։


Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։


Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հունիսի 30-ը: Հունահռոեմականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:


Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ17 տարեկանների ԵԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով՝ Արտակ Աղաբեկյան (45 կգ), Արմեն Պապիկյան (48 կգ), Աշոտ Գյուլնազարյան (51 կգ), Գագիկ Ղազարյան (55 կգ), Դավիթ Դավթյան (60 կգ), Եղիշե Մելիքյան (65 կգ), Նարեկ Հովհաննիսյան (71 կգ), Սահակ Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Իլկիկյան (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյան (110 կգ):