ՔԿ-ն ներկայացրել է՝ ԱԺ–ի մոտ բախումներից հետո քանի անձի նկատմամբ է քրեական հետապնդում արուցվել

Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 12-ին անցկացված բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։



ՔԿ–ն հունիսի 17-ին հայտնել էր, որ բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ։


«Վարույթն իրականացնող մարմինը հսկող դատախազին միջնորդություններ է ներկայացրել մասնակիցներից 15-ի նկատմամբ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և նրանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ»,– ասված է հաղորդագրությունում։


Մեղադրյալներից 8–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1–ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։


ՔԿ–ն նշում է, որ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հասարակական կարգի պաշտպանության և հատուկ պահպանվող տարածքների պահպանության պարտականություններ կատարող ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև 8 լրագրողներ, ճանաչվել են տուժող, գործընթացը շարունակական է։


Վերոնշյալ երկու վարույթներով էլ նախաքննությունը շարունակվում է։


Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։