Անցել է երկու ամիս, ուզում եմ իմանալ՝ ինչ փոփոխություններ են իրականացվել. Գրիգոր Իսկանդարյան

Ես ապրիլին ավագանու նիստում հարց բարձրացրեցի ասֆալտբետոնյա ծածկի նորոգման տեխհսկողության վերաբերյալ. Օրինակ 1,5 մլն դրամ արժողությամբ տենդերը շահում էին 45 հազար դրամով, կամ 4 մլն դրամ արժողությամբը շահում էին 270 հազարով: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:


«Անցել է երկու ամիս, ուզում եմ իմանալ՝ ինչ փոփոխություններ են իրականացվել այդ ոլորտում, ինչ աշխտանքներ են կատարվել, որ փուլում են դրանք»,-ասել է Իսկանդարյանը:


Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ի պատասխան, նշել է. «Մենք ունեցել ենք տեխհսկողության մի քանի պայմանագրերի խզում, մասնավորապես, այն հիմնավորմամբ, որ այդ տեխհսկողները որոշակի մոլորության մեջ են մեզ գցել, եղել են փոխկապակցված, արդեն իսկ «սեւ ցուցակում» հայտնված ընկերությունների հետ:


Մենք որոշակի առաջրկներ ձեւակերպել ենք եւ դրանք պարբերաբար ֆինանսների նախարարությանն ենք ներկայացնում, որ նրանք դրանք հաշվի առնեն: Դա միայն մեր խնդիրը չէ, ՀՀ-ում գրեթե բոլոր գերատեսչություններն այս մասով խնդիրներ ունեն»:


Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել եւ իրեն զեկուցել:


«Ստացվում է շատ խուճուճ եւ խառը պատմություն, ուստի աշխատանքներն էլ են լինելու խառը եւ խուճուճ, ու չենք իմանալու, թե բացի քաղաքային իշխանություններից ով է մեղավոր քաղաքում այսքան շատ փոսերի առկայության համար: Եթե պատկերացնենք, որ չկա կոռուպցիա, միեւնույն է, կա մարդկային գործոն եւ նույն մարդը կամ նույն վարչությունը սխալվելու դեպքում չի տեսնելու իր սխալը: Իսկ այլ վարչությունը կնկատեր ու կշտկեր: Ինչո՞ւ ենք բոլոր հսկողական կամ վերահսկողական գործառույթները տեխհսկողության հետ կապված տվել նույն վարչությանը»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:


Քաղաքապետն արձագանքեց, որ քաղաքապետարանն ունի առանձին վերահսկողակն վարչություն, որ երբ կոնկրետ խնդիր է բացահայտվում, իրականացնում է իր գործառույթները: