Քարկոփում գյուղացիները խմելու ջուրը քանդված կամրջի մոտից են բերում. վարչական ղեկավար
Քարկոփում ջրամատակարարումը մասամբ է վերականգնվել. գյուղացիները խմելու ջուրը քանդված կամրջի մոտից են բերում: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը:
«Հետիոտնային կամուրջը ջրից դուրս է բերվել, բայց շատ աշխատանք կա վրան անելու»,-ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ գյուղացիները շարունակում են Ախթալայի կամրջով երթևեկել:
«Շենքերի առաջին հարկերում դեռևս ապրել հնարավոր չէ. խոնավ են: Առաջին հարկերում դեռ լույս էլ չունենք, որովհետև վտանգավոր է: Կոյուղու հարցն էլ լուծված չէ: Հույս ունենք, որ շուտով կոյուղու խնդիրը կլուծվի, և բնակիչների գոնե կեսը կկարողանան ապրել երկրորդ, երրորդ հարկերում»,-պատմել է Հերմինե Պետրոսյանը՝ հավելելով, որ որոշ բնակիչներ արդեն վերադարձել են իրենց տներ՝ ամենյան հավանականությամբ, այլ կացարան չգտնելու պատճառով: Քարկոփ վերադարձած բնակիչները շարունակում են մաքրման աշխատանքներ իրականացնել քաղաքում:
Խոսելով վնասների փոխհատուցման մասին, Հերմինե Պետրոսյանը պատմել է, որ գույքագրման աշխատանքներն ավարտվել են, սակայն փոխհատուցման մասին դեռևս տեղյակ չէ:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք քարկոփցիները վերադառնալ իրենց տներ և վերականգնել այգիները, Հերմինե Պետրոսյանը պատասխանել է.
«Իհարկե, ցանկանում են: Երեխաներն անգամ կողքի գյուղերում չեն կարողանում ապրել, ուզում են շուտ վերադառնալ իրենց տներ: Բայց այգիներ կան, որտեղ ոչինչ չի մնացել, ջուրը քշել-տարել է ամեն ինչ, միայն քարեր են մնացել: Տարիների չարչարանքը ջուրն ընկավ: Մեկ, երկու տարվա տանջանք չէր, 30 տարվա չարչարանք էր»:
Քարկոփի վարչական ղեկավարն ինքն էլ չգիտի, թե ինչպես են ապրելու այն բնակիչները, որոնց ապրուստի միակ միջոցը այգիներից ստացած գումարն է:
«Չեմ կարող ասել: Երևի եթե ունեն, պետական աշխատանք, դրանով կապրեն, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»: