Ուկրաինայում զոհվել է ավելի քան 20 հազար «վագներական», նաև բանտերից հավաքագրվածները

Նկարում «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը վարձկանների գերեզմանոցի ֆոնին է:


Եվգենի Պրիգոժինի հիմնած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ավելի քան 20 հազար վարձկաններ, նրանց գերիշխող մեծամասնությունը՝ բանտերից պայմանագրերով հավաքագրվածներ, զոհվել են Ուկրաինայում ընթացող մարտերում, ասվում է Mediazona-ի և BBC հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության համատեղ անցկացրած հետաքննության ամփոփիչ զեկույցում:


Փաստաթղթղի համաձայն, 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի օգոստոս Ուկրաինայում զոհվել է ավելի քան 20 հազար վարձկան:


Զեկույցի հեղինակները պնդում են, որ, ըստ իրենց հայթայթած տեղեկությունների, ռուսական իշխանությունները, մասնավորապես, մոտ 108 միլիարդ ռուբլի են ծախսել միայն զոհվածների հարազատներին փոխհատուցումներ տրամադրելու համար: Այս գումարը չի ներառում վարձկանների աշխատավարձը կամ ստացած վնասվածքների փոխհատուցումը։


Ընդհանուր առմամբ, ենթադրվում է, որ առնվազն 48 հազար բանտարկյալ է հավաքագրվել «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի և նրա ենթակաների կողմից, այդ մարդկանց մեծամասնությունն Ուկրաինա է մեկնել խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկներից, որտեղ հայտնվել է ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների մեղադրանքով:


Վարձկաններից մոտ 17 հազարը միայն Բախմուտի մոտ է սպանվել: Պատերազմին մասնակցելու համար բանտարկյալները ներում են ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։


Ինքը՝ Պրիգոժինը, 2023 թվականի հունիսի 23-ին փորձել է ռազմական ապստամբություն իրագործել, սակայն հետագայում այն դադարեցրել է, ապա 2023 թվականի օգոստոսի 23-ին իրեն ունղեկցող զինակիցների հետ զոհվել է կասկածելի պայմաններում տեղի ունեցած ավիավթարից:




Քաղաքականություն