ՍՊՈՐՏ. Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ դարձավ ՉԼ գավաթակիր. 21-րդ դարում ոչ մի անգամ չի պարտվել
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Մադրիդի «Ռեալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը՝ պատմության մեջ 15-րդ անգամ նվաճելով ՉԼ գավաթը։
«Ռեալն» իր պատմության մեջ առաջին անգամ ավարտեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունն առանց պարտության։ «Ռեալը» 21-րդ դարում երբեք չի պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ «Լոս Բլանկոները» յոթ եզրափակիչում յոթ հաղթանակ են տարել:
Առաջին կեսում դորտմունդցիները մեծ ճնշում էին գործադրում մրցակցի վրա և մի քանի իրական գոլային պահ էին ստեղծել Կուրտուայի դարպասին՝ չկարողանալով սակայն հասնել նպատակակետին։
49-րդ րոպեին Կրոսը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն նրա հարվածից հետո Կոբելը մատների ծայրով հեռացրեց գնդակը։
Սրանից հետո մոտ 20 րոպե թիմերը պարբերաբար սպառնում էին միմյանց դարպասին, սակայն 74-րդ րոպեին Տոնի Կրոսն անկյունայինի իրացման ժամանակ գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Դանի Կարվախալն ազատվեց դորտմունդցիների պաշտպաններից ու գլխի հարվածով գրավեց Կոբելի դարպասի աջ անկյունը՝ 1-0։
83-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկեց Վինիսիուսը․ Բելինգհեմի փոխանցումից հետո նա մեն մենակ դուրս եկավ Կոբելի դեմ ու վստահ հարվածով գրավեց դարպասը։
Խաղն այսպես էլ ավարտվեց և ՉԼ գավաթը ուղևորվում է Մադրիդ։ Այսպիսով, մադրիդցիների կիսապաշտպանը դարձել է առաջին բրազիլացին, որը մեկից ավելի գոլ է խփել մրցաշարի եզրափակիչներում։
Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հաղթանակի մասին:
«Այս զգացողությանը չես կարող համակերպվել: Դժվար էր, շատ դժվար, սպասվածից ավելի դժվար։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, ավելի հավասարակշռված և քիչ կորցրեցինք գնդակը։ Երազը շարունակվում է.
Առաջին խաղակեսում մենք մի փոքր ծույլ էինք, կորցնում էինք գնդակը, իսկ մրցակիցը խաղում էր այնպես, ինչպես ցանկանում էր։
Մի փոքր տխուր եմ (Կրոոսի հեռանալու համար), բայց նա ուզում էր հեռանալ այսպես։ Նա որոշել է ավարտել կարիերան, և մենք պետք է հարգենք դա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը Movistar-ի եթերում:
Հիշեցնենք, որ այս խաղը ակումբային մակարդակով վերջինն էր ինչպես Տոնի Կրոսի, այնպես էլ դորտմունդցիների ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի համար, որը խաղադաշտ դուրս եկավ միայն 72-րդ րոպեին։
Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը, Դանի Կարվախալը և Նաչոն 6-րդ անգամ հաղթեցին այս մրցաշարում և հասան չեմպիոնների գավաթի/ Չեմպիոնների լիգայի տիտղոսների քանակով ռեկորդակիր Պակո Խենտոյին:
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում մադրիդյան ակումբը կմրցիԵվրոպայի լիգայի գավաթը նվաճած «Ատալանտայի» հետ։Խաղը կկայանա օգոստոսի 14-ին՝ Վարշավայի Ազգային մարզադաշտում։