ԱԳՆ-ում հրաժարվել են հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում չեն կարող ընդունել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներին։ Տեղեկությունը հավաքվածներին փոխանցեց ոստիկանության ներկայացուցիչը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին:
Ոստիկանության ներկայացուցչի փոխանցած տեղեկությունը լսելուց հետո Բագրատ Սրբազանը հավաքի մասնակիցների մի մասին հորդորեց գնալ և հսկել ԱԳՆ–ի շենքի մյուս մուտքը՝ թույլ չտալու համար, որ նախարարը դուրս գա շենքից։
Նշենք, որ նախարարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր կան։ Նաև կարմիրբերետավորներ են բերվել։