ՀՀ անձնագրերով կզբաղվեն արտասահմանյան ընկերությունները. ե՞րբ կլուծվեն խնդիրները

2 տարի անց Հայաստանում կգործի առանց խնդիրների անձնագրային համակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը` արձագանքելով անձնագրային բաժիններից քաղաքացիերի չդադարող դժգոհություններին։


«Անձնագրային համակարգն ամբողջությամբ թարմացվելու է` իր բոլոր ենթակառուցվածքներով։ Նույնականացման քարտերի ու կենսաչափական անձնագրերի ներդրման նոր ծրագիրն իրականացվելու է աշխարհի առաջատար մասնավոր որևէ ընկերության հետ»,– ասաց Դավթյանը։


Նրա խոսքով` մրցույթը նախատեսվում է հայտարարել 2024թ-ի տարեվերջին։ 3 ընկերություններ (ֆրանսիական և գերմանական) արդեն որակավորվել են ապագա մրցույթին մասնակցելու համար։ Ընդ որում, հայտատուներից 2-ը կոնսորցիումներ են, այսինքն` դրանք բաղկացած են 2 և ավելի ընկերություններից, որոնք պատրաստակամություն են հայտնել ՀՀ–ում ծառայություններ մատուցել։


Ըստ Նելլի Դավթյանի` բոլոր հայտատուներն ունեն առնվազն 2 երկրներում անձնագրային ծառայությունների մատուցման տարիների փորձառություն` թղթից մինչև պատրաստի անձնագրեր։


Ընթացիկ տարվա ավարտին հայտարարվելիք մրցույթում հաղթած ընկերությանը տրվելու է 1 տարի ժամկետ` ՀՀ անձնագրային ամբողջ ենթակառուցվածքը արդիականացնելու համար, որից հետո անձնագրային բոլոր ծառայություններն ամբողջությամբ մատուցվելու են արդեն տվյալ մասնավոր ընկերության կողմից։ Ընդ որում` նոր` կենսաչափական անձնագրերի տպագրությունն իրականացվելու է Հայաստանում։ Կառավարությունում հույս ունեն նոր համակարգը գործարկել 2025թ–ի ավարտից, եթե, իհարկե, ամեն ինչ հարթ ընթանա։


«Ժամկետները միշտ մի փոքր վերապահումով ենք նշում, որովհետև պրոցեսը, այնուամենայնիվ, անկանխատեսելի է։ Եթե որևէ փուլում որևէ հայտատու որոշի բողոքարկել գնահատող հանձնաժողովի կողմից կայացված որոշումը, դա կարող է ազդել ժամկետների վրա։ Ենթադրենք` կասեցման գործընթաց կարող է գնալ, մինչև դատարանը որոշում կայացնի։ Բայց եթե լավատեսական սցենարով նայենք, ապա 2025թ–ի վերջին արդեն կունենանք նոր անձնագրեր»,– պարզաբանեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատուն։


Հոռետեսական սցենարի դեպքում, եթե դատարանը գործընթացը կասեցնելու որոշում ընդունի, ապա անձնագրայինների արդիականացման հարցը կարող է ձգձգվել այնքան, ինչքան կձգվի դատական քաշքշուկը։


Մրցույթին մասնակցող արտասահմանյան ընկերությունների առաջ նախապես պայման է դրվել` յուրաքանչյուր մարզում պետք է լինի առնվազն 1 ծառայություն, Երևանում`առնվազն 3-ը։ Պետական մրցույթում հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքումից առավելագույնը 1 տարի հետո արդեն պետք է թողարկվեն և շրջանառության մեջ դրվեն արդեն նոր` կենսաչափական միջազգային ստանդարտներին համապատասխանող անվտանգ անձնագրերը։

Թե ինչպես են շրջանառությունից հանվելու հին նմուշի անձնագրերը, որոնք այսօր էլ տրվում են անձնագրային բաժանմունքների կողմից, մեր զրուցակիցը դժվարացավ հստակ ասել, քանի որ խնդիրը դեռ քննարկվում է` այդ գործընթացը հնարավորինս անցնցում կազմակերպելու մտահոգությամբ։


Ինչ վերաբերում է անձնագրային բաժանմունքներում այսօր առկա բազմաթիվ խնդիրներին` Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում չեն հերքում` դրանք կան և քիչ չեն։ Եթե կենսաչափական անձնագրերի չիրականացված խոստումը հաշվի չառնենք, ապա հիմնական խնդիրն այսօր կարելի է համարել ID քարտերի նկատմամբ կտրուկ ավելացած պահանջարկը։

Արդյունքում քաղաքացին դիմում է անձնագրային բաժանմունք` ID քարտ ստանալու հարցով, իսկ այնտեղ մի օր անվերջանալի հերթ է, հաջորդ օրը տպագրական սարքը չի աշխատում, և այսպես շարունակ։


«Մենք ունեցանք մի իրավիճակ, երբ տարբեր ոլորտներ տարբեր իրավակարգավորումների միջոցով տարբեր թիրախային խմբերի մարդկանց համար պարտադիր դարձրին ID քարտ ունենալու պահանջը։ Օրինակ` քաղաքացիական դատավարության պարագայում իրավաբանները, փաստաբանները, դատավորները պետք է ունենան ID քարտ, որպեսզի կարողանան հարթակից օգտվել։ Օնլայն դեղատոմսերի կարգավորման հետ կապված` դեղատան աշխատակիցների, բուժաշխատողների համար դա դարձավ պարտադիր պահաջ։ Հայտարարատու անձանց պարագայում ամբողջ հանրային ծառայության հատվածը պարտադիր պետք է ունենա վավեր նույնականացման քարտ, որ կարողանա հայտարարագիրը լրացնել։ Այս համընկնումների արդյունքում մեր այն համակարգը, որն արդեն իսկ բավականին հին է ու սահմանափակ թողունակություն ունի, այսպիսի գերբեռնվածության պայմաններում երբեմն խնդիրներ է առաջացնում»,– պարզաբանում է ծառայության հանրային կապերի պատասխանատուն։


Գերբեռնվածության պատճառով անձնագրային բաժիններում այսօր նույնիսկ վճարովի ծառայություններն են կրճատել։ Օրինակ` ID քարտերի մեկօրյա ժամկետում տրամադրման պայմանագրեր քաղաքացիների հետ ներկա պահին չեն կնքվում` պայմանագրային պարտավորությունների չկատարումից խուսափելու համար։


Եռօրյա և դրանից ավելի ժամկետով դիմումները սպասարկում են սահմանված ժամկետներում։ Եթե որևէ բաժնում խնդիրներ են առաջանում, դրանք փորձում են լուծել 1–օրյա ժամկետում, վստահեցնում է մեր զրուցակիցը։