Եվրաեռյակի հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա․ Արաղչի

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ փոխգործակցության քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:


«Ես չեմ բացառում, որ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը կարող է գործի դրվել։ Մենք այդ թեմայի շուրջ արդեն մի քանի տարի աշխատում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ և համատեղ մշակել ենք միջոցառումների համալիր, որը կիրականացնենք մեխանիզմի գործարկման դեպքում», - ասել Է Արաղչին։


Հուլիսի վերջին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «եվրոպական եռյակը»՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմին առաջարկել է հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ և իր իրավական պարտավորությունները։


Նա նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերականգնումը չի ազդի ո՛չ իրանական նավթի արտահանման, ո՛չ էլ բանկային ոլորտի վրա: Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ նման սահմանափակումների հետևանքները կարող են լուրջ լինել Իրանի համար:


«Մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի գերագնահատել դրանք», - ասել է Արաղչին։

Քաղաքականություն