Աղանդավորական կազմակերպությունները, սորոսական ՀԿ-ները չպետք է հարկվեն, Առաքելական եկեղեցին պետք է հարկվի՞. Սարգսյան
Եկեղեցու գործերին միջամտելու, եկեղեցուն հարկային դաշտ բերելու սպառնալիքները, թեզերն օրակարգ դարձնելն անամոթություն է, միակ կայացած, հավատ ներշնչող ինստիտուտի դեմ իշխանության հերթական ոտնձգությունն է, Aysor.am-ի հետ զրույցում նշեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նա ընդգծեց՝ ի վերջո, Սահմանադրությունով է ամրագրված՝ եկեղեցին անջատ է պետությունից, հետևաբար, եկեղեցուն հարկային դաշտ բերելն այնքան էլ հեշտ գործ չէ, եթե բարոյական հարցը մի կողմ թողնենք․
«Եկեղեցու եկամուտները հիմնականում ձևավորվում են հանգանակությունների հաշվին, այսինքն՝ նույնիսկ եթե բարոյական և իրավական առումով իշխանությունը կարողանա հասնել հաջողության, այնուամենայնիվ, եկեղեցու վրա հարկումը մեծ բեռ չի դառնալու, որովհետև եկեղեցու եկամտի մեծ մասը հանգանակություններից է, իշխանությունը կարող է միայն ծիսական առարկաների, մոմերի վաճառքից հարկերի ակնկալիքներ ունենալ, ինչը, կարծում եմ՝ փոքր գումար կկազմի»։
Սարգսյանը դա համարում է կեղծ օրակարգ, հանրությանը եկեղեցու դեմ տրամադրելու հերթական փորձ։
«Շատերը չեն պատկերացնում հարկային համակարգը և չգիտեն, որ կրոնական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները ստացված նվիրատվություններից հարկ չեն վճարում, այսքանով հանդերձ, պատկերացրեք աշխատում է քարոզչամեքենա, որ անընդհատ ասում է՝ եկեղեցին հարկերից ազատված է, եկեղեցին հարուստ է։ Ի վերջո, այդ քարոզչությունը հանգեցնելու է նրան, որ մարդկանց մեջ ձևավորվի կարծիք, թե եկեղեցին հարուստ է և հարկ չի վճարում։
Մինչդեռ այդ քարոզչությունը շրջանցում է սորոսական, միջազգային տարբեր կառույցների կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին։ Այդ ՀԿ-ները, եթե գումարները ստանում են կանոնադրական նպատակներ իրականացնելու համար, չեն հարկվում, հետևաբար, եթե կոնցեպտուալ փոփոխություն չանեն, կստացվի, որ աղանդավորական կազմակերպությունները, կամ Հայաստանում կեղծ դեմոկրատական արժեքներ քարոզող, պետության հիմքերը խարխլող ՀԿ-ները չպետք է հարկվեն, բայց Հայ Առաքելական եկեղեցին պիտի հարկվի։ Այս խիստ վտանգավոր քայլը կազդի նաև մեր եկեղեցու համաշխարհային հեղինակության վրա», - ասաց նա։