Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած տղամարդուն մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել էր դեպի հանրահավաքի մասնակիցները։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի 40-ամյա բնակիչ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ի սկզբանե տեղյակ լինելով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, 2024 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող և իր կողմից շահագործվող «Կամազ 54112» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել Հանրապետության Հրապարակ: Այնուհետև, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով:
Մասնավորապես, ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, նշված անձը բեռնատար ավտոմեքենայով մտել է Հանրապետության Հրապարակ և ավտոմեքենան կայանել հրապարակի կենտրոնում՝ այդ կերպ իր հակաիրավական ու հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով հավաքի մասնակիցների անդորրը, ինչպես նաև՝ անհանգստություն պատճառելով հրապարակում գտնվող անձանց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ բեռնատարի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...