ՄԻԵԴ-ը կքննի Գևորգ Ալթունյանի վերաբերյալ գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում Հայաստանի հետ կապված ևս մեկ գործ է քննելու, որն առնչվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի դեմ հարուցված քրեական գործին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբանից։


Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանի պաշտպան Սիրանուշ Սահակյանը բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը բողոքը քննության է առել:


Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով խմբի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.3 մլն հհ դրամ հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել էր 5 անձ:


Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ եւ սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի եւ գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի եւ նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:


Առերեւույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «Նոր …» ՀԿ տնօրեն Ս.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպչական բաժնի պետ Կ.Պ.-ին, նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ին։

Քաղաքականություն