Զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել. մանրամասներ «Ուրալ»-ի վթարից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Արդեն տեղեկացվել է, որ 2024թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց:
Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի և դրա պատճառների վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։ Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։
Դրանից հետո վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։
Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան և վնասվածքներ ստանալուն։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի:
Պարզվել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։ Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով՝ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ՀՀ զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: