Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։


«Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ամբողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին»,– ասված է հաղորդագրությունում։


Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Նա 2012–2020 թթ. թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթն աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:


2019 թվականից նա համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, եղել է հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավարը, այնուհետև դարձել է գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։


«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքի է անցել 2024 թվականի հունվարից:


Դավիթը մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։

Քաղաքականություն