ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի «Բագրատաշեն» տանող բոլոր ճանապարհները փակ են. ցուցարարները կոտրել են ԵԿՄ մեքենայի ապակիները
Երևանից Թբիլիսի մեկնող ուղևորատար միկրոավտոբուսը Ալավերդի-Նոյեմբերյան փակ ճանապարահի պատճառով չի կարողանում հասնել անցակետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Երևան-Թբիլիսի միջպետական փոխադրումներով զբաղվող ընկերությունից։ Այս պահին Հայաստանից Վրաստան տանող բոլոր երեք երթուղիներով ճանապարհը դեպի «Բագրատաշեն» անցակետ ամբողջությամբ արգելափակված է: Ընկերությունում դիտարկում են ուղևորներին Ստեփանավան-Տաշիր-Գոգավան այլընտրանքային երթուղով փոխադրելու տարբերակը: Ինչ վերաբերում է Գյումրիով դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհին, ապա այն անհարմար է Երևանից Թբիլիսիի մեկնելու համար, քանի որ շատ ավելի երկար է:
Դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին ԵԿՄ նշանով ավտոմեքենան վարել է բողոքի ակցիա իրականացնող և ճանապարհն արգելափակած քաղաքացիների ուղղությամբ։
Ոստիկանները պնդում են, թե պաշտպանության նախարարության աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր եթերի ժամանակ հայտնել է Ոսկեպարում վերջերս բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Սուրենը հայտնել էր, որ զինված ուժերից գնացել էին և փորձել ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում, ինչին, սակայն, բնակիչները խոչընդոտել էին։ Կիրանց գյուղի հարակից հատվածներում ևս փորձել էին ականազերծման աշխատանքներ անել, ինչի պատճառով էլ բնակիչները կրկին ոտքի էին կանգնել ու փակել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։