ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պատրաստվում են տեսակցել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին, որը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։


ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ–ում են։


«Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:


ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ` պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։


Հիշեցնենք` մարտի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է:


Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։




Քաղաքականություն