Առերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում. ՔԿ-ն` երեկվա միջադեպի մասին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։


2024թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հ․ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։


Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը:


Ապրիլի 15-ին` ժամը 17:15-ին, վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:


Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ս․ Վ․-ին ձերբակալելու մասին:


Նախաքննությունը շարունակվում է։


Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն