Իսրայելը պատերազմ չի ցանկանում ո՛չ Իրանի, ո՛չ էլ Լիբանանի հետ․ Կաց

Իսրայելը պատերազմ չի ցանկանում ո՛չ Իրանի, ո՛չ էլ Լիբանանի հետ, բայց հարկադրված կլինի ռազմական գործողությունների դիմել ուղղակի հարվածների դեպքում։ Այս մասին հայտարարել  է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, որն ավարտում է այցը Իտալիա։


Կացն այս մասին հայտնել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։


«Եթե Իրանն ուղղակիորեն հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք Իրանի վրա։ Իսկ եթե Իրանի դաշնակից աշխարհազորայինները նման բան անեն Դամասկոսի հյուպատոսարանի վրա հարձակմանն ի պատասխան, մենք նրանց նույնպես կհարվածենք», - ասել է նա՝ հիշեցնելով, որ Իսրայելը չի ստանձնել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի պատասխանատվությունը։


Ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) յոթ զինվորական խորհրդական և վեց սիրիացի: Իրանն այս հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին։


Կացի խոսքով՝ մինչ այժմ Իսրայելի արձագանքը Լիբանանից «Հեզբոլլահ»-ի և Եմենի հութիների կողմից հրթիռների արձակմանը Գոլանի և Էյլաթի ուղղությամբ եղել է «զուսպ»։


Նախարարը նշել է, որ «եթե, օրինակ, Լիբանանից հրթիռներ թռչեն Թել Ավիվի վրա՝ որպես վրեժ Դամասկոսի համար, Իսրայելը կուղարկի իր ինքնաթիռները և նույնիսկ զինվորներին»։ 


Նա հավելել է, որ հազարավոր իսրայելցիներ ստիպված են եղել լքել իրենց տները «Հեզբոլլահ»-ի արձակած հրթիռների պատճառով:


«Եթե նրանք հետ չքաշվեն Լիտանի գետից այն կողմ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևով, ապա մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել նաև Բեյրութի հետ: Մենք դա չենք ցանկանում, նախընտրում ենք հետևել բանակցությունների ուղուն՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և մյուսների աջակցությամբ, որոնք զորակազմեր ունեն այս գոտում», - ասել է Կացը:




Քաղաքականություն