ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան

Տավուշի հատվածում էլ ունենք հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են սահմանագծումը, սահմանազատումը սկսել իրականացնել հենց Տավուշից և ոչ թե, օրինակ՝ Ջերմուկից, որտեղ Հայաստանի տարածքները օկուպացված են։


Նախարարը նշեց, որ 4 գյուղերի վերադարձման հետ կապված որոշումներ դեռ չկան։ «Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, որը միտված է, որ երկու երկրների միջև տեղի ունենա սահմանազատման, սահմանագծման պրոցես։ Դինամիկա կա, հանդիպումներ են լինում, կողմերը վերադառնում են իրենց մոտ, պրոցես է, չգիտեմ՝ երբ է հաջորդ հանդիպումը»,-ասաց նախարարը և նշեց, որ հիմա գտնվում են իրավական, փաստաթղթային պրոցեսում, հետո տեղում բուն սահմանազտման պրոցեսը կլինի։


Ըստ Սանոսյանի՝ տեղի բնակչության անորոշության պատճառն այն է, որ «որոշ մարդիկ փորձում են անորոշ, անհասկանալի լուրեր տարածել»։


«Վարչապետի միտքը եղել է շատ պարզ, որ հաջորդ հանդիպմանը նույնիսկ կարող է ինքը գալ, եթե կա այնպիսի նորություն կամ փոփոխություն, որ կարող է ինքն արտահայտել։ Քանի որ որոշում չկա, փոփոխություն չկա, ամեն օր հանդիպման կարիք միգուցե չկա։ Բայց գրեթե ամենօրյա ռեժիմով կա՛մ Ոսկեպարում, կա՛մ մարզպետարանում կան որոշակի հանդիպումներ, պարզաբանումներ»,-ասաց նա։


Նախարար Սանոսյանը նշեց, որ տեղեր կան՝ ենթակառուցվածքների խնդիրներ կան, տեղեր կան՝ չկան։


«Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման գործընթացից հետո, երբ սահմանապահները կանգնեն՝ որտե՞ղ են կանգնելու, իրար մոտի՞կ են կանգնելու, թե՞ ինչ-որ չափով հեռու, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՞ ոչ, եթե չեզոք գոտի առաջանա, այդ հատվածում ենթակառուցվածք կլինի՞, թե՞ ոչ։ Հիմա կա պարզ կազմակերպչական աշխատանք, որը մի շարք գործոններից է բաղկացած և ամեն գերատեսչություն ունի հանձնարարական, որ երկու հարևան երկրներ այս պրոցեսով անցնեն, ինչ հարցեր կարող են առաջանալ»,-ասաց նա։


Նախարարը նշեց, որ ՀՀ տարածքում գտնվող տունը սահմանազատման արդյունքում չի կարող հայտնվել մյուս տիրությում։


Սանոսյանը նշեց, որ ամբողջ գործընթացի հիմքում դրված է խաղաղությունը։

Քաղաքականություն