«Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք». Պյոտր Տոլստոյ

Ռուս զինվորականները կսպանեն բոլոր ֆրանսիացի զինծառայողներին, որոնց Ֆրանսիան կուղարկի Ուկրաինա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։


«Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք, բոլորին»,- ասել է նա ֆրանսերենով։


Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ավելի վաղ Ուկրաինա ժամանած 367 ֆրանսիացի վարձկաններից 147-ը սպանվել են։


Բացի այդ, Տոլստոյն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «թքած ունի» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների և Կիևին օգնություն տրամադրելու սահմանափակումներից հրաժարվելու մասին նրա խոսքերի վրա։


Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին ասել էր, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտը, որը սկզբնական փուլում կկազմի մոտ 2 հազար մարդ։


Միաժամանակ, նրա խոսքով, ֆրանսիացի զինվորականներն արդեն ոչ պաշտոնապես ներկա են Ուկրաինայում։ Դրանից հետո Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը X-ում հայտարարություն էր տարածել, որ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։


Փետրվարի վերջին, Ուկրաինայի հարցով Փարիզում կայացած կոնֆերանսի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մակրոնը նաև ասել էր, որ արևմտյան երկրները «մտադիր են անել այն, ինչ անհրաժեշտ է», որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գերակայություն ձեռք բերել հակամարտությունում։

Պատահարներ