ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՌԴ-ում ձերբակալում Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամներին

Հրապարակվել են կադրեր՝ ինչպես են Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցները Չեխովում ձերբակալում Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամների, որոնք կազմակերպել էին սինթետիկ թմրանյութերի արտադրությունն ու վաճառքը: 


Օպերատիվ տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ԱԴԾ-ի աշխատակիցները ցանկապատի վրայով հայտնվում առանձնատան հատվածում, որից հետո ավտոտնակում ձերբակալում են առաջին կասկածյալին։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել է․ «Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային օկրուգի տարածքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության մեջ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի գործունեությունը կասեցնելու գործողություն»։ 


«Նարկոլաբորատորիայի գտնվելու վայրում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով մեֆեդրոն թմրանյութը, ինչպես նաեւ լաբորատոր սարքավորումներ եւ տարբեր քիմիական նյութեր»։


Հանրային կապերի կենտրոնում նշել են, որ պարզվել են հանցավոր խմբի մասնակիցները։ ԱԴԾ քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ ՌԴ Քր. օր. 228.1 հոդվածի 5-րդ մասով (առանձնակի խոշոր չափերի թմրանյութերի արտադրություն)։ Նրանց կալանավորել են։ ԱԴԾ-ում հիշեցրել են, որ Քր. օր 228.1 հոդվածի 5-րդ մասը նախատեսում է պատիժ մինչեւ ցմահ բանտարկություն։