Վանաձորում որպես անհետ կորած որոնվող տղամարդուն գտել են մահացած՝ Տանձուտ գետի ափին
Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խնձորուտ թաղամասում գտնվող գետի ափին տղամարդու դի կա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դին հայտնաբերվել է Խնձորուտ թաղամասի Տանձուտ գետի ափին։
Պարեկները տարածքը սահմանազատել են։
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատարին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Լոռու մարզի բնակիչ 87-ամյա Էմիլ Ս․-ն էր, ով այս տարվա փետրվարի 29-ից, որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Բազումի բաժնի կողմից։