Ամերիկյան զորքերը չեն կռվի Ուկրաինայում. Սպիտակ տուն

Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշնակիցներին ուղղված «վախկոտ չլինելու» կոչը:


«Ես չեմ վերլուծի նախագահ Մակրոնի խոսքերը: Նա միանշանակ իրավունք ու հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտելու։ Ես կարող եմ խոսել միայն Բայդենի անունից»,- ասել է Քիրբին։ «Նա Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից հասկացրեց, որ ամերիկյան զորքերը չեն կռվի ուկրաինական տարածքում», - ընդգծել է նա։


Քիրբին պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի խնդրել դաշնակիցներին զորքեր ուղարկել Ուկրաինա։ «Նախագահ Զելենսկին դա չի խնդրում։ Նա միայն միջոցներ ու հնարավորություններ է խնդրում։ Նա երբեք չի խնդրել, որ օտարերկրյա զորքեր կռվեն իր երկրի համար»,- ասել է պաշտոնյան: «Նա և իր զինվորականները կանեն դա, բայց նրանց միջոցներ են պետք, և մենք կօգնենք այս հարցում», - ավելացրել է Քիրբին: