
Վրաստանը հարթակ է առաջարկում Երևան-Բաքու երկխոսության համար. փոխնախարար

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի զարգացմամբ և իր վստահելի հարևաններին առաջարկում է բանակցությունների իր հարթակը։ Այս մասին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նրա խոսքով` Թբիլիսիի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը, և վրացական կողմը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան, որից երկու կողմերն էլ կշահեն։
Դարսալիան նշել է, որ Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի դժվարություններ, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում։ Այդ նպատակով Թբիլիսին ավելի վաղ հանդես էր եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ և իր աջակցությունն առաջարկել երկու երկրներին բանակցություններ վարելու հարցում։
«Մեզ համար ակնհայտ է, որ պետք է պահպանել համագործակցությունը (նկատի ունի Հարավային Կովկասի երեք երկրներին, – խմբ.), այլ ոչ թե կողմնակի խաղացողներին մեր ասպարեզ թողնել», – ասել է Դարսալիան:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։
Վրաստանի փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Թբիլիսին շահագրգռված է Անկարայի և Բաքվի հետ ավանդական ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։
«Մի քանի ամիս առաջ մենք թարմացրել ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի, և կարծում ենք, որ դա մեծ ներդրում կունենա տարածաշրջանում համագործակցության գործընթացում»,- ասել է նա։
Փոխնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում իրականացվող հաղորդակցական ծրագրերին։ Դարսալիան մատնանշել է տարածաշրջանի հնարավորությունները, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները։